Վերջին երկու տարիների հարաբերականորեն անհաջող մրցելույթներից հետո (հինգ մրցամարտ` երեք պարտություն) ընթացիկ տարին Արթուր Աբրահամը հաջող է սկսել: Նախ եղավ Պաբլո Ֆարիասի հետ հունվարյան հաղթական մրցելույթը, ապա այս վերջինը, որտեղ մեր բռնցքամարտիկի հակառակորդը լեհ Պետր Վիլչևսկին էր:
Շաբաթ օրը Քիլ քաղաքի մարզադահլիճը լեփ-լեցուն էր, ու դա, առաջին հերթին, շնորհիվ հայազգի բռնցքամարտիկի, ով գերմանացի մարզասերի առանձնահատուկ սերն է վայելում: Մարտի այնքան սպասված նոկաուտով ավարտը, ճիշտ է, այդպես էլ չիրականացավ, սակայն փոխարենը եղավ բավականին լարված դիմակայություն հայազգի մարզիկի ճնշող գերազանցությամբ, ինչի մասին են վկայում նաև մրցավարների գրանցած արդյունքները` 118:109, 118:109, 118:108: Այսպիսով, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհամասի չեմպիոնի հերթական մարտը լինելու է նույն այդ վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար, որի ներկայիս տիրակալը նախկին ԽՍՀՄ-ից հեռացած ու Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցն է, ով բրիտանացի Ջորջ Գրոուվզի հետ առաջիկայում սպասվելիք պայքարում փորձելու է պահպանել չեմպիոնական տիտղոսը: Թե երբ կկայանա այս զույգի հաղթողի հետ մեր բռնցքամարտիկի մրցամարտը, դեռևս հայտնի չէ, բայց այն, որ Արթուր Աբրահամը քաշային այս կարգում աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկի կոչումը վերանվաճելու ցանկությամբ լի է ու դրան հիմնովին պատրաստվելու ժամանակ ունի, աներկբա է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ